ՀՀ սահմանային կետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, էականորեն կկրճատվեն սահմանի հատման ժամկետները. Կառավարության հավանությանն են արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանում նախատեսվում է տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողության օպտիմալացում և «մեկ պատուհան» սկզբունքի ներդրում: «Այս պահին պետական սահմանում հինգ մարմին է ներկայացված՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ, Ոստիկանությունը և տրանպսորտային գործառույթի մասով՝ նախատեսվել էր նաև այդ տեսչական մարմնի ներկայությունը: Փոփոխություններից հետո, սահմանային կետում կմնա երկու մարմին՝ մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով, կիրականացնեն հսկողությունը սահմանային կետում: Մասնավորապես՝ մաքսային մարմինը կիրականացնի, բնականաբար, մաքսային գործառույթները, իսկ ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը: ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս պետական մարմինների գործառույթները կրկին վերաբաշխվում են այս երկու պետական մարմինների միջև: Նպատակը հետևյալն է՝ անձը փաստաթղթերի փաթեթը հանձնի պետական մեկ մարմին և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետն անցնելիս դիմել տաբեր պատուհանների փաստաթղթերի նույն փաթեթով: Կիրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողությունը, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված երկու որոշումներին, որոնք վերաբերել են նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։ «Թե՛ զեկուցվող, թե՛ չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նախնական հայտարարագրման համակարգն աշխատացնելիս ի՞նչ իրավիճակ ունեինք և ի՞նչ իրավիճակ ունենք: Սահմանային կետ հասնելուն պես, տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթներն իրականացվում էր տերմինալում: Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։ Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանքներ են տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի և ժամանակի խնայողություն տնտեսվարողների համար։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արտահանումների և ներմուծումների մասով ազատ երկիր է, սակայն սահմանային կետերում կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ։ «Միևնույն ժամանակ վերջին տարիներին էլ ականատես են լինում դեպքերի, երբ մաքսանենգ ճանապարհով անցնող բեռները, կարծես, Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա: Այսինքն՝ սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ, իհարկե, մի քանի քրեական գործեր ունենք հարուցված: Մեր մոտեցումը հետևյալն է՝ ամեն ինչ անենք, որ օրինապահ, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը, որոնց մի մասն էլ, եթե ենթադրենք 10 տարի առաջ արդարացված է եղել, այսօր որևէ ձևով արդարացված չէ, որպեսզի հնարավորինս արագ կարողանան արտահանման և ներմուծման գործընթացներ իրականացնել։ Շատ երկար քննարկումների արդյունքում, ի վերջո, կայացվել են կարևոր որոշումներ: Մյուս կողմից էլ նաև ընթացակարգերը հընթացս պիտի պարզեցնենք այս փաթեթով և այս փաթեթից դուրս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է արտահանողների և ներմուծողների ռեյտինգավորման անհրաժեշտությունը ըստ նրանց վարքագծի, այդ թվում՝ հարկային։ «Եթե տեսնում ենք, որ մարդը, ընկերությունը պարտաճանաչ տուրքեր, հակեր վճարող ընկերություն է, մենք ընդհանարապես նրանց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել, որ իրենք գան՝ րոպեների, վայրկյանների ընթացքում անցնեն և իրենց սովորական թղթարարությունն իրականանացնեն: Ընդհանրապես հսկողական քաղաքականությունն իրականացվի ռիսկերի գնահատման վրա։ Այսինքն՝ եթե կա տարօրինակ պահվածք, այդ տարօրինակ պահվածքի հետևից գնանք, ոչ թե բոլորին անընդհատ կանգնեցնենք ստուգենք և այդպես շարունակ։ Սա կարևոր է տնտեսական միջավայրի համար, նաև սոցիալական հարակից արդյունք է։ Ծախսերի կրճատումը ենթադրվում է դրական ազդեցություն գների վրա»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության հարթակում կայացված որոշմանը, որը վերաբերում է մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելուն՝ նշելով, որ դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր. «Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին դա չբախվի: Կարծում եմ՝ ունենք մի որոշում, որը կունենա սոցիալական նշանակություն. մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։ Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ արդյունք կլինի սպառողների համար»:
Փոխվարչապետը նշել է նաև, որ կան որոշումներ, որոնք ավելի հիմնարար են, քվոտավորված լուծումներ են տվել, մասնավորապես՝ էլեկտրական շարժիչով մեքենաների համար: «Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականի համար 7000 և 2023 թվականի համար 8000 մեքենայի մասով արտոնություն ունի: Մենք նաև ԱԱՀ-ից ենք ազատում այդ մեքենաները: Մենք ունենք կոնսենսուսային որոշում առ այն, որ էլեկտրոնային առևտրի շեմն է բարձրանում: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ տիրույթում հնարավորությունը լոկալ օրենսդրությամբ սահմանել մինչև 1000 եվրոյին համարժեք: Այսօր մեր մոտ գործում է 200 հազար դրամ՝ մեր օրենսդրությամբ: Սա առաջին փուլի փաթեթն էր: Մենք հանձնաժողովին ներկայացրել ենք մեկ այլ խումբ՝ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ: Մոտ ժամանակներում կհրապարակենք ապրանքների հավելյալ ցանկ, որոնք նույնպես ազատված կլինեն մաքսատուրքից: Կարծում եմ, որ դա ընդհանուր դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,-նշել է Մհեր Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշել է, որ 2022 թվականին 7 հազար, 2023 թվականին 8 հազար էլեկտրոմոբիլ կարող է Հայաստան ներմուծվել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով։ «Էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատվել է ավելացված արժեքի հարկից մինչև 2024 թվականը։ Կարծում եմ, որ բացառիկ հնարավորություն է, որպեսզի այս թրենդը Հայաստանում տեղի ունենա։ Էլեկտրոմոբիլներն ապագան են, և բոլորս պետք է տրամադրվենք դրան»,- ընդգծել է վարչապետը և հանձնարարել կառավարության անդամներին տրանսպորտային միջոց ձեռք բերելու հարցում հնարավորինս առաջնահերթություն տալ էլեկտրոմոբիլներին։
Առաջարկվում է բարձրացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափը. Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար Օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40 տոկոսը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
Նախատեսվում է ապահովել կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացում. Հավանություն է տրվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարին աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջի հիման վրա տրամադրում են աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Խնդիրն այն է, որ նման կարգավորումը որոշակի դժվարություններ է առաջացնելու հանձնաժողովի համար՝ պահանջելով յուրաքանչյուր կուսակցությունից առանձին ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունների ցանկը։ Ուստի, նախագծով առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացման ձևաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին։ Նման իրավակարգավորման հիման վրա կուսակցությունները յուրաքանչյուր տարվա հունվարին (բացառության 2022 թվականի) օրենքի ուժով հանձնաժողովին կներկայացնեն հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները՝ սահմանված ձևաթղթի հիման վրա։
Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար։ Ըստ այդմ՝ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից։