Ինչպե՞ս է իրականացվում հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

Անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն` այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը` 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին:

Այն դեպքերում, երբ դատարանը բավարար չի համարում սույն հոդվածով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Հակառակ դեպքում` դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին` օրենքով սահմանված կարգով:

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսահամարի պարզումը,
գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,
դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսի համարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը.

3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,

բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID),

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել