Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստին ներկայացրել է ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում և այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնց արդյունքում իրապես ներդրվում է «Մեկ պատուհան» սկզբունքը, և օպտիմալացվում է պետական սահմանում տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը։ ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ այժմ պետական սահմանում ներկայացված է հինգ պետական մարմին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը և տրանսպորտային գործառույթների մասով նախատեսված այլ տեսչական մարմին։
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, սահմանային կետերում կգործեն միայն մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք սահմանային կետերում հսկողությունը կիրականացնեն՝ պետական մարմինների գործառույթների վերաբաշխմամբ։ Այս դեպքում, մաքսային ծառայությունը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը։ Իսկ այլ հսկողության առկայության դեպքում՝ ՍԱՏՄ-ն այն կիրականացնի ՀՀ պետական սահմանից ներս։
Նախաձեռնության նպատակն է՝ սահմանային անցակետերում կրճատել մեկ անձի կողմից իրականացվող գործողությունները, այսինքն՝ փաստաթղթերի փաթեթը հանձնվի մեկ պետական մարմին և վերջինս ստիպված չլինի նույն փաստաթղթերով անցնել տարբեր պատուհաններով՝ այդպիսով զերծ մնալով կրկնակի հսկողությունից։
Կառավարության նիստին ընդունվել են նաև նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում մաքսատուրքի հետաձգման և ապրանքների ավտոմատացված բացթողման ընթացակարգի կիրառության վերաբերյալ օրենքի նախագծերը։ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ այս որոշումների նպատակն է էապես կրճատել տնտեսվարողի կողմից սահմանահատման ժամանակը։
Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է նաև նախնական մաքսային հայտարարագրման կիրառման ընթացքը և արդյունքները՝ ընդգծելով, որ ապրանքի բացթողնման գործառույթը, եթե նախկինում տևում էր 2-3 օր, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչև 2 ժամ:
Մանրամասները՝ տեսանյութում: