Եթե վարչական դատավարության կողմի պնդմամբ գրավոր ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ գործին մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը: Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը:
Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաստաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, հնարավորինս ճշգրիտ և լրիվ փոխանցել այդ փաստաթղթի բովանդակությունը: Միաժամանակ միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիսի հանգամանքներ, որոնք հավանական են դարձնում այլ անձի կողմից փաստաթղթին տիրապետելու փաստը:
Ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել են իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը:
Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի ներկայությամբ: Վերջինս, եթե գործին մասնակցող անձ չէ, հրավիրվում է որպես վկա: Այդ անձի չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար: Եթե ապացույցը տիրապետող անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո գտնվելու փաստը, ապա դատարանը կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ՝ վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով:
Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի: Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաստաթղթի բովանդակության մասին դատարանը կարող է համարել հավաստի: