Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Task Force for Global Health» ծրագրի խորհրդատու Իհաբ Բուշային։ Հանդիպման նպատակն էր քննարկել Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստումների Լոռու մարզի ցուցանիշները, գնահատել համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների արդյունքները։
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները և համաբուժարանների ղեկավարներ։
Գոռ Ասրյանը, ներկայացնելով Քովիդ-19-ի դեմ պայքարի մարզային միջոցառումների ծրագիրն, ընդգծեց, որ առավելագույն ջանքեր է ներդրվել և կարևորվել հանրային լայն իրազեկումը պատվաստման արդյունավետության գործընթացում, որի արդյունքում մարզում համաճարակային իրավիճակը կառավարելի է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի շատ պատվաստվում են քաղաքային համայնքների բնակիչները, իսկ փոքր համայնքներում, ցուցանիշները համեմատաբար ցածր են։
Ռ․ Պողոսյանը հավելեց, որ համավարակի տարածման դեմ պայքարի նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում և համակարգում Լոռու մարզում Քովիդ-19-ի դեմ տարվող աշխատանքները։ Ներկայում պատվաստված է Լոռու մարզի բնակչության 45 տոկոսը։ Բավականին արդյունավետ է պատվաստում իրականացնող շրջիկ կայանների աշխատանքը։
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի շրջանակներում հարցաթերթիների միջոցով հետազոտություն է կատարվելու մարզի մի քանի համաբուժարաններում՝ պարզելու համավարակի դեմ տարվող միջոցառումների ուժեղ, թույլ կողմերը և մարտահրավերները՝ հետագայում ցուցանիշները բարելավելու առաջարկներ ներակայացնելու և թիրախային ցուցանիշներին հասնելու համար։