Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքը համարում է անհեթեթ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական խումբը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ենթադրյալ կաշառքի գործով այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ առնչություն չունի։

«Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող։ «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չի ճանաչում։ Ինձ համար հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչարարատնտեսական և տնօրինչական իրավասություններ։ Կա Սահմանադրություն, որտեղ հստակ նշված են իմ լիազորությունները։ Եվ ես չեմ հասկանում, թե տվյալ դեպքում իմ ո՞ր լիազորություններն եմ օգտագործել կամ չեմ օգտագործել։ ՀՀ նախագահը նույնիսկ չի տնօրինում նախագահականի բյուջեն, որևէ երկրի նախագահ նման լիազորություն չի ստանում», – ասաց Քոչարյանը։

Նախագահի խոսքով՝ իր համար հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, քանի որ այն ժամանակվա օրենսդրությամբ լիցենզիայի վաճառքը չէր ենթադրում որևէ պետական որոշում և որևէ պետական պաշտոնյայի համաձայնություն։

«Ըստ էության, այս մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա։ Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է։ Մեղադրանքն առաջադրվել է վերջին պահին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքից հետո։ Նպատակը մեկն էր․ քանի որ այն հոդվածը չէր ենթադրում գույքային պարտավորություններ, պետք էր անել ամեն ինչ, որպեսզի այդ պարտավորությունները կցվեին։ Դա արվեց արդեն այս հոդվածի միջոցով», – նշեց Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել