Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք, նշվում է համատեղ հայտարարության մեջ։
«Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։
Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։
Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։
Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։
Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։
Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։
Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։