Արտակ Հարությունյանը և Մեսրոպ Հակոբյանը՝ հանդիսանալով «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ՝ տնօրեն և նույն հստատության ատամնաբույժ, նույն ՊՈԱԿ-ում բնակվող բնակիչներին հասանելիք ոսկորոտ միսը և կաթը վաճառել են այլ անձի:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի մարտի 5-ին և մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի դաավոր Անի Դանիելյանին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արտակ Հարությունյանը և Մեսրոպ Հակոբյանը այդ արարքի համար պայմանավորվածություն են ձեռք բերել նույն ՊՈԱԿ-ի պահեստապետի և ճաշարանի ավագ խոհարարի հետ: Նրանք ստորագրել են համապատասխան փաստաթղթերը իբրև օրինական փաստաթուղթ, այդ կերպ՝ հափշտակելով խոշոր չափերի՝ 2.833.900 դրամ գումար:
Արտակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
Մեսրոպ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի (հանցակցությամբ կատարված յուրացում՝ առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Մեսրոպ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Արտակ Հարությունյանի նկատմաբ խափանման միջոց է կիրառվել՝ գրավ՝ մեկ միլիոն դրամի չափով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: