ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ մարտի 21-ին գումարել է արտահերթ նիստ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը` արտաքին հարաբերությունների ուղղությամբ 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նախարարի խոսքով` ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգային հնարավորինս բարենպաստ միջավայրի ձեւավորման, մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ եւ կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: «2021թ. ընթացքում գերատեսչության գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,- նշել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ առաջնային է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Արցախի կարգավիճակի եւ արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ:
«Այս առումով տարվա ընթացքում մենք որոշակի հաջողությունների ենք հասել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում` 2021 թ. Նյու Յորքում եւ Փարիզում»,- ասել է զեկուցողը:
Կառավարությունը շարունակել է Արցախում միջազգային կազմակերպությունների եւ մարդասիրական առաքելությունների ներգրավմանն ուղղված աշխատանքները: Երկկողմ ձեւաչափով եւ միջազգային կառույցներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ-ի դեմ ագրեսիայի ընթացքում եւ դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորումների, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, ռազմավարի պուրակի, ինչպես նաեւ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների եւ այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա:
Ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի` Ադրբեջանում դեռեւս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, եւ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձեւաչափերով բարձրաձայնել հայ ռազամագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը:
Գերատեսչության աշխատանքում կարեւոր ուղղություն է եղել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը:
Նախարարը խոսել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, կարեւորել ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությանն ուղղված մեխանիզմների ներդրումը եւ բնակիչների անվտանգության ապահովումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը` Արարատ Միրզոյանը փաստել է, որ 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող ուղերձով, իսկ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանն է պաշտոնապես ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Խոսելով ավանդական գործընկերային հարաբերություններից` զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակաբար զարգացել է հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային գործընկերությունը, ընդլայնվել է երկկողմ օրակարգը` ներառելով առեւտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ եւ տրանսպորտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման ու ընդլայնման նոր ուղղություններ:
Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: 2021թ. ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ մարտի 1-ից այն լիովին ուժի մեջ է մտել: Արեւելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Եվրամիությունից Հայաստանին նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում Կառավարությունը մշակել եւ կառույցին է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների եւ ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Նախարարը խոսել է նաեւ Իրանի, Վրաստանի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված քայլերի մասին: «Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարեւոր զարգացում էր նաեւ այն, որ 2021թ. Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջեւ մեկնարկել է երկխոսության գործընթաց` հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը նաեւ քննարկել եւ հավանություն է տվել Հայաստան-Կատար բարեկամական խմբի ստեղծմանը: