Աթայ Ահմեդի Բիլալին առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանվող սահմանը։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել է փետրվարի 8-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին:
Նա բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Աթայ Բիլալը 2022 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասին (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: