Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Փրկարար ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Փրկարար ծառայության ծառայողների բոլոր ցուցումները:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող` Փրկարար ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթևեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման և տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից: