Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:
Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:
Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`
1) պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.
3) փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.
5) հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:
Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անանուն հաղորդումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ չեն:
Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ «Փաստաբանության մասին» օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: