Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:
Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:
Սույն նյութի առաջին մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային մարմին՝ փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն նյութի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը: