Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթն իրացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործընթացը գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, հանրային սննդի և առևտրի օբյեկտներում, կաթ վերամշակող կազմակերպություններում ապահովում են կաթ իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթակա բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների կաթը:
Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները: Կաթի` հիվանդ կենդանիներից ստացման կասկածի դեպքում՝ հիմք ընդունելով մանրէական ախտոտվածության ցուցանիշները, կատարվում են լաբորատոր լրացուցիչ հետազոտություններ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն կաթի անսնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիության մասին, որը կազմվում է 2 օրինակից և մեկ օրինակը տրվում է իրացնողին:
Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված կաթի իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը հաստատող պիտակ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքներով անասնաբուժասանիտարականտեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է օգտագործել սննդում վերամշակումից` եռացումից, պաստերիզացումից հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված կաթը ոչնչացվում է:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կաթն ապաբնականացվում է սննդային ներկով կամ սուրճով և վերադարձվում տիրոջը:
Սիբիրախտով, խշխշան պալարով, կատաղությամբ, ժանտախտով, տուբերկուլոզով, բրուցելոզով, պարատուբերկուլոզով, ծաղկով, չարորակ հարբխային տենդով, լեպտոսպիրոզով, սալմոնելոզով, դաբաղով, Քյու-տենդով, կրծի նեկրոբակտերիոզով և ակտինոմիկոզով, կրծի, մարսողական և վերարտադրողական օրգանների բորբոքումներով, լեյկոզով հիվանդ, կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված կաթն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է, ենթակա է ոչնչացման:
Բավարար կասկածանքի դեպքում` կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներով կաթի վարակվածության, հիվանդության ախտորոշումը հաստատելու նպատակով, ինչպես նաև, երբ հնարավոր չէ սենսոր, լաբորատոր արագացված մեթոդներով կամ լաբորատոր լրացուցիչ հետազոտությունների միջոցով տալ անասնաբուժասանիտարական լիարժեք գնահատական, անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները 1-15 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված եզրակացությամբ: