Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում. Փոխվարչապետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև Խորհրդի և Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։ Փոխվարչապետն այս երևույթի դեմ պայքարում առաջընթացի գրավականներից է համարել նաև միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին մեծապես աջակցող գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ կառավարության ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերը։

«Չնայած ոլորտում գրանցած առաջընթացին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ուղղորդում են մեզ առավել մեծ ջանքեր գործադրել և առավել ակտիվ գործունեություն ծավալել դիրքերը բարելավելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք։

Օրակարգի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2021 թվականին իրականացված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախատեսված 19 գործողություններից բոլորը կատարված են։

Այնուհետև, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ, խորհրդի քարտուղար Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի արդի մարտահրավերները, դրանց դիմակայելուն ուղղված գործողությունները, իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի նպատակներին ու կատարված աշխատանքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել