Արտակ Հ.-ն, ով դատարանի կողմից անմեղսունակ է ճանաչվել, 2021 թվականի օգոստոսի 11-ին գտնվելով հիվանդագին խանգարված վիճակում և դրա հետևանքով զրկված լինելով իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից, զառանցական ապրումներով պայմանավորված, նույն հիվանդասենյակում պահվող Մամիկոն Օ.-ին փորձել է սպանել:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի փետրվարի 14-ին և մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Հ.-ն ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդասենյակի մահճակալին պառկած Մամիկոն Օ.-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ՝ քթանցուղիների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքերի, քթոսկրերի և վերին ծնոտի կոտրվածքների ձևով, որի արդյունքում առաջացած ներքին արյունահոսության և շնչառական ուղիների հեղուկ արյունով փակման հետևանքով տուժողը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է:
Դատարանի որոշումներից մեկում ասվում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության համաձայն՝ «Վերլուծելով քր․ գործի նյութերը, առկա բուժփաստաթղթերը և ներկա հետազոտման արդյունքները փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ Արտակ Հ․-մ տառապել և տառապում է «շիզոֆրենիա, պարանուդ ձև F20.0» հոգեկան հիվանդությամբ։
Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները, որոնք թույլ են տվել նրա մոտ հայտնաբերել մտածողության պարալոգիկ էլեմենտներ, հուզական անկայունություն՝ ագրեսիայի տենդենցներով, կցկտուր, ոչ համակարգված զառանցական ապրումների առկայություն, անկառավարելի վարքագիծ, հուզակամային ոլորտի իջեցում, քննադատության բացակայության հետ մեկտեղ։
Իրավախախտումը կատարելիս տղամարդը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումներով պայմանավորված, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։
Ինչն էլ հիմք ընդունելով դատարանն Արտակ Հ․-ին անմեղսունակ է ճանաչել։
Արտակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով:
Նշվում է, որ խափանման միջոց չի ընտրվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: