26.04.2010թ.-ի Տավուշի ՇՊԱԿ դիմած քաղաքացի Ա. Խաչատրյանը հայտնել է, որ 2008թ. ամուսնալուծվել է, որից հետո դատարանի վճռով իր նախկին ամուսնու բնակարանից սենյակ է հատկացվել իրեն և իր երկու անչափահաս երեխաներին: Ընտանեկան աղքատության նպաստ ստանալու համար սոցիալական մարմին անհրաժեշտ տեղեկանք ներկայացնելու նպատակով Ա. Խաչատրյանը դիմել է Իջևանի քաղաքապետարան, խնդրելով` տրամադրել տեղեկանք իր ընտանիքի կազմի մասին: Քաղաքապետարանը տվել է տեղեկանք, սակայն տեղեկանքում նշել է նաև Ա. Խաչատրյանի նախկին ամուսնու ծնողներին, քանի որ նրանք բնակվում են նույն հասցեում, չնայած որ ընտանիքի անդամ չեն համարվում: Քաղաքապետարանի աշխատակիցը հայտարարել է, որ միայն առանձին հասցե ունենալու դեպքում կարող է Խաչատրյանին տալ տեղեկանք, առանց նախկին ամուսնու ծնողների անունները նշելու:
ՇՊԱԿ-ի իրավաբանների կողմից կազմվել է գրավոր դիմում, որը քաղաքացին ներկայացրել է քաղաքապետարան` արդեն իր իրավունքների մասին լիարժեք գիտելիքներով: Այնուհետև, տրվել է բանավոր խորհրդատվություն, որի հիման վրա քաղաքացի Ա. Խաչատրյանը քաղաքապետարան է ներկայացրել դատարանի վճիռը, որը հավաստում է, որ ինքը չի հանդիսանում բնակարանի սեփականատիրոջ ընտանիքի անդամ և այդ բնակարանում բնակվում է դատարանի վճռի հիման վրա: Քաղաքապետարանի համապատասխան աշխատակցի կողմից սույն հանգամանքի արհամարելը և լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը արհեստականորեն առաջացրած հիմքեր են։ Արժանանալով նման վերաբերմունքի քաղաքացին հայտարարել է քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ բողոքելու մասին, ինչից հետո տեղեկանքը տրամադրվել է: Ի վերջո տեղեկանքի տրամադրման փաստը խոսում է այն մասին, որ այն հնարավոր էր տրամադրել առանց լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու։ Արդյունքում քաղաքացուն տրամադրվել է համապատասխան տեղեկատվությունը և տեղեկանքը: