Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Նենսի Փելոսիից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` հունվարի 19-ին: Մեր հանդիպումը կարեւոր էր ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը քննարկելու համար»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է նաեւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մանրամասներին՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում տարածաշրջանի եւ առհասարակ ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի շուրջ ծավալված իրենց երկխոսությունը: Նենսի Փելոսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Պատվո շքանշանի համար: Նամակի եզրափակիչ մասում տիկին Փելոսին շեշտել է շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել