Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ: Փաստաբանի օգնական կարող է լինել միայն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը:
Փաստաբանի օգնականը իր կարգավիճակը ձեռք է բերում պարզեցված կարգով փաստաբանների պալատի խորհրդի կողմից արտոնագրվելու միջոցով` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
Փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որը օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից հետևյալ բացառություններով.
1) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի.
2) փաստաբանի օգնականն իրավունք չունի ստորագրելու և ներկայացնելու հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև հարցեր տալու քննչական կամ դատավարական գործողություններին մասնակցելիս.
3) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և պալատի նախագահ, մասնակցելու պալատի կանոնադրության և վարքագծի կանոնագրքի քվեարկությանը:
Փաստաբանի օգնականը կրում է նաև բոլոր պարտականությունները, որոնք վերապահված են փաստաբանին, բացառությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության:
Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը: