Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
-Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։
-Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։
-Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։
-Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։
Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։
-Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։
-Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել․
«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։