Անհրաժե՞շտ է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական գյուղատնտեսական տեխնիկա վարելու համար

Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր։ Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են՝

երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները.

երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.

առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները։

Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը։

Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 18 տարին լրացած անձանց։

Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա։ Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա։ Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական՝ հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը։

3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով դիմող վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթևեկության կանոնների քննություն հանձնելուց:

Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել