Կառավարությունը սահմանել է առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը

Կառավարությունը մարտի 3-ին որոշում է ընդունել ու սահմանել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը։

Որոշումը մարտի 13-ից սկսում է գործել։

Կ Ա Ր Գ

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Առանց համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են մարդու կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, եթե պացիենտի առողջական վիճակը հնարավորություն չի ընձեռում տալու համաձայնություն, կամ նման համաձայնություն չի տրվում, կամ բացակայում են պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ պացիենտի կոնտակտային անձը, կամ վերջիններս համաձայնություն չեն տվել։

3. Մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են՝

1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում՝ ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում) կամ

2) բժշկական կազմակերպությունում։

2. ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

4. Բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում՝ ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում շտապօգնության բրիգադի բժիշկ(ներ)ը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում է (են) անհապաղ:

5. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն տեղափոխվող կամ գտնվող պացիենտին սույն կարգով նախատեսված դեպքում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են անհապաղ:

6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են բուժող կամ հերթապահ բժշկի որոշմամբ։

7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժիշկը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց հետո՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրառում է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում՝ առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու վերաբերյալ.

2) անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում զեկուցում է կայանի կամ ենթակայանի կամ իր բաժանմունքի վարիչին՝ առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու պայմանների և հանգամանքների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում.

3) կապի միջոցներով անհապաղ տեղեկացնում է պացիենտի օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին՝ առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել