Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության» պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ գործընկերներ,
Վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամենատարածված բայց ոչ մեծ վտանգ պարունակող իրավախախտումների (մասնավորապես` ճանապարհային երթևեկության ոլորտ) դեպքերում, տուգանքի չափի ՀԻՍՈՒՆ տոկոսը ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում անձի կողմից վճարելու դեպքում՝ տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված:
2) Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում առաջարկում եմ հստակեցնել, որ բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից միակ բնակարանի իրացումն արգելվի, եթե դրա չափը՝ 20 միլիոն դրամ է կամ դրանից պակաս: Այսօրվա կարգավորման համաձայն, միակ բնակարանի իրացման սահմանափակումը վերաբերում է շուրջ 5 միլիոն դրամ կամ պակաս արժեք ունեցող դեպքերին, ինչն այնքան նվազ է, որ չի ծառայում ոչ մի նպատակի ներկայիս սոցիալական պայմաններում: Նույն նախագծով առաջարկվում է, որ բազմազավակ ընտանիքի դեպքում, միակ բնակարանի օտարումն առհասարակ ԱՐԳԵԼՎԻ:
3) Երրորդ նախագիծը վերաբերում է վարչական դատավարության օրենսգրքին ու կրկին ամենատարածված և ոչ էական վտանգ պարունակող վարչական տուգանքների դեպքերին, որպեսզի պետական մարմնինների կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործիքակազմը սահմանափակվի: Այսինքն անձը որոշ տեսակի վարչական տուգանքի հարցով դիմելով դատարան և ստանալով դրական վճիռ, այլևս չպետք է սպասի առնվազն մեկ տարի վերաքննիչ ու վճռաբեկ դատարններում կրկին պայքարելու համար»: