Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interfax-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։
Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին:
Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, եւ այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման շուրջ։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում հաջողությամբ շարունակվում է:Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ալիեւը Էրդողանին հրավիրել է Ադրբեջան։