Ադրբեջանից բռնի տեղահանված և մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ևս կլուծվի. Համբարձում Մաթևոսյան

Ադրբեջանից բռնի տեղահանված և մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ևս կլուծվի՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Նախնական տվյալներով, մարզերում ծրագրի հավակնորդ շահառու է հանդիսանում 254 ընտանիք։

Կառավարության այսօրվա որոշմամբ, հաստատեցինք Հայաստանի մարզերում ծրագրի իրականացման կարգն ու պայմանները։

Այսպիսով, մարզերում, այս ծրագրի իրականացման արդյունքում, ավարտին կհասցնենք ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների խնդիրը։

Հիշեցնեմ, որ Երևանում, ծրագրի արդյունքում, 270 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր․ 175-ն այս պահի դրությամբ իրացված է։

2004 թվականի որոշմամբ հաստատվել էր Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության ծրագիրը, սակայն 2009 թվականից հետո այն չէր ֆինանսավորվել։ 2019 թ-ի նոյեմբերի 21-ին հարցը մտավ մեր Կառավարության օրակարգ և 2020-2021 թվականներին լուծվեց Ադրբեջանից բռնի տեղահանված և Երևան քաղաքի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել