Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով և վերջին զարգացումներով պայմանավորված այսօր՝ մարտի 10-ին, նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահը:

«Իմ խոսքում ընդգծել եմ՝ կասկածից վեր է, որ թե՛ Արցախ մտնող միակ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին մեր խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել