Հավատալ, որ ռազմական բախումներ չեն լինելու առաջիկայում, ոչ միայն միամտություն է, այլ նաև՝ տգիտություն. Տարոն Սիմոնյան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, որ թուրք֊ադրբեջանական տանդեմը սադրանքների պետք է դիմեր հայ֊ադրբեջանական շփման գծում՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, ինչպես դա անում է վերջին մի քանի օրերին Երասխում և Խրամորթում, կանխատեսելի էր։

Այն, որ թուրք֊ադրբեջանական տանդեմն առաջիկա տասնամյակներում մտադիր չի լինելու Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) հետ որևէ խաղաղության հաստատման, ակնհայտ է։

Այն, որ թուրք֊ադրբեջանական տանդեմը երբևէ չի հանդուրժելու ուժեղ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) գոյությունը, այլ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը միշտ պահի «գոյատևման ռեժիմում», ևս կանխատեսելի է։

Այն, որ թուրք֊ադրբեջանական տանդեմը միջազգային բոլոր կառույցներն ու միջազգային իրավունքն օգտագործելու է հակահայկական լծակները, այդ թվում՝ դատական, շատացնելու համար, ևս ակնհայտ է։

Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել, բայց մեկ բան ակնհայտ է, որ առանց ազգային ներուժի հայտնաբերման, համախմբման ու արդյունավետ օգտագործման, ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել, այլ միայն ավելացնելու ենք՝ մեր մեջ թալանչի/դավաճան փնտրելով և սրտի խորքում արդարացնելով մեր անգործությունը՝ նրանց հայտնաբերելիս:

Աշխարհի ռացիոնալիզմը շատ ավելի է խստանում, իսկ մենք իռացիոնալ վարքագծով փորձում ենք թաքնվել իրականությունից՝ ինքներս մեզ համոզելով, որ միջազգային իրավական ու քաղաքան կառուցակարգերը մեզ պետք չեն, բանակի ու բնակչության ռազմական պատրաստության ամենօրյա աշխատանքները օգտակար չեն և այլն։
Պատերազմները մեր մեծ ու փոքր տարածաշրջանում չեն դադարել արձանագրված պատմության վերջին մի քանի հազար տարվա ընթացում և, ցավոք սրտի, չեն էլ դադարելու։ Հավատալ, որ ռազմական բախումներ չեն լինելու առաջիկայում, ոչ միայն միամտություն է, այլ նաև՝ տգիտություն։

Երբ մեր հանրային ու անհատական գիտակցությունը բացառիկ երևույթ այլևս չհամարի պատերազմը, մեր ձեռքին եղած, թեկուզ՝ կարճ խաղաղությունը շատ ավելի արդյունավետ ու խնամքով կօգտագործենք՝ գոյապահպանության նվազագույն մակարդակից դուրս գալու համար։

Իսկ հերթական, շատ ավելի լուրջ ռազմաքաղաքական մարտահրավերը սարերի հետևում չէ. պետք է պատրաստ լինենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել