Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ապրիլին պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն․ «Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա»։
Անդրադառնալով Փարիզ իր այցին՝ վարչապետը նշեց, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները կարևորել էին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել էր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները: