Փաստաբանի առաքելությունը անձանց իրավական օգնություն ցուցաբերելն է: Սակայն օրենսդրությամբ սահմանված են դեպքեր, երբ փաստաբանը իրավունք չունի ցուցաբերել իրավական օգնություն:
Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե՝
1) այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում.
2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից:
Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ
1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.
2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.
3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.
4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը: