Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը: Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում: