Մահացածի հարազատների ցանկությամբ` մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին:
Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հարազատի դիմումի և ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության հիման վրա: Մահացածի հարազատն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:
Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի ներկայացուցիչների պարտադիր ներկայությամբ, անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ: Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում է:
Հանված աճյունը (աճյունի մնացորդները) փաթաթվում է բամբակյա կտորով և տեղադրվում պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տեղադրվում է փայտյա արկղի կամ դագաղի մեջ և տեղափոխվում նոր գերեզման: Նոր գերեզմանում թաղելուց առաջ աճյունը (աճյունի մնացորդները) հանվում է պոլիէթիլենային պարկից:
Նախկին և նոր գերեզմանների գերեզմանատների տնօրինությունները վերահուղարկավորման մասին գրանցումներ են կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյաններում ու գերեզմանների վկայականներում:
Գերեզմանատների տեղափոխման դեպքում վերահուղարկավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին: