Ովքե՞ր են համարվում ասպիրանտներ, դոկտորանտներ, հայցորդներ

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Գիտնականը գիտության ներկայացուցիչն է, որն իրականացնում է աշխարհի գիտական պատկերի ձևավորման իմաստավորված գործունեություն, ում գիտական գործունեությունը և որակավորումը գիտական միության կողմից ճանաչում է ստացել։ Գիտնականի որակավորումը ֆորմալ ձևով հաստատվում է գիտական աստիճանով (գիտությունների դոկտոր կամ գիտությունների թեկնածու) և գիտական կոչումով (դոցենտ կամ պրոֆեսոր)։

Այսպես, ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

Դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձը:

Հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել