Ի՞նչ հիմնական իրավունքներ ունեն դատապարտյալները

Դատապարտյալն իրավունք ունի՝

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու.
5) սոցիալական ապահովության.
6) իրավաբանական օգնություն ստանալու.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից.
10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը.
11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
13) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու.
15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:

Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն դատապարտյալը, ով Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, ինչպես նաև փախստականը կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել