Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Թելման Հարությունյանը փորձել է կաշառք տալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես, 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի պարեկները կանգնեցրել են վարորդական վկայականի վավերականության ժամկետը լրացած երթևեկող Թելման Հարությունյանի ավտոմեքենան: Պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն չկազմելու համար Թ. Հարությունյանը նրանց կաշառք տալու նպատակով գրպանից գումար է հանել, սակայն վերջիններս մի քանի անգամ զգուշացրել են վարորդին, որ արգելվում է ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալը` բացատրելով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Չնայած նախազգուշացումներին` Թ. Հարությունյանը, այդուհանդերձ, պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ընթացքում ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի բաց պատուհանից որպես կաշառք ավտոմեքենայի դիմացի նստատեղին է գցել երեք հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ, ինչից հետո կաշառք տալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար Թելման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ կաշառք տալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել