ՃՈ-ում վարչական բողոքի քննության հետ կապված լսումներ չէին անցկացվել

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հ. Զեյնալյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 12.07.2012 թվականի թիվ 17/4-5483 որոշումը և որպես ածանցյալ պահանջ` անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի 30.05.2012 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200090001 որոշումը։

Հայցվորը, իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով 12.05.2012 թվականին` ժամը 18։07-ի սահմաններում, երթևեկել է Երևան քաղաքի Աշտարակի խճուղով։ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղադրված լուսանկարահանող սարքը լուսանկարահանել է Ավտոմեքենան։ Ծառայության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Ա.Սարգսյանը 30.05.2012 թվականին իրականացրել է իրավախախտման հատկանիշների պարզում և կայացրել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1200090001 որոշումը։

Փաստաթղթերը Հ.Զեյնալյանին առաքելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 16.06.2012 թվականին։ Հ.Զեյնալյանի վարչական բողոքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին խնդրվել է անվավեր ճանաչել 30.05.2012 թվականի թիվ 1200090001 որոշումը։ Հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին հասցեագրված վարչական բողոքը ստացվել է 27.06.2012 թվականին։

Դատարանը փաստել է, որ Հ.Զեյնալյանի դիմումի հիման վրա վարչական վարույթը պետք է համարվեր հարուցված 27.06.2012 թվականին, որից հետո բողոքը քննող պաշտոնատար անձը պարտավոր էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված 10 օրյա ժամկետում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ բաժնով նախատեսված կարգով քննել բողոքը։

Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց բողոքի քննության վարույթ հարուցված լինելու վերաբերյալ հայցվորին ծանուցելու, ինչպես նաև լսումներ անցկացված լինելու վերաբերյալ։ Ավելին, Պատասխանողի ներկայացուցիչը դատաքննությամբ ընդունել է այն հանգամանքը, որ վարչական բողոքի քննության հետ կապված լսումներ չեն անցկացվել։
Սույն գործով դատարանը գտել է, որ 12.07.2012 թվականի թիվ 17/4-5483 ակտն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, ուստի այն ենթակա է անվավեր ճանաչման:

Դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակի: Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 12.07.2012 թվականի թիվ 17/4-5483 ակտը։ Հայցը` մնացած մասով, մերժել։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշեց Հ.Զեյնալյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի բերած վերաքննիչ բողոքը մերժել` թիվ ՎԴ 4679/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի փետրվարի 22-ի վճիռը թողնելով անփոփոխ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել