Հատուկ միջոցառում է իրականացվել Լոռիում․ ոստիկանություն

Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ կատարեցին Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես և Գուգարք ու Մարգահովիտ գյուղերում։

Միջոցառումները արդյունք տվեցին։ Հայտնաբերվեցին չորս ատրճանակ, ինքնաշեն ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների 126 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ, սառը զենք, մահակ, պլաստամասե տարաներով վառոդ, մեթադոնի լուծույթ, հոգեներգործուն հաբեր, 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Բացի այդ, հայտնաբերվեցին մեքենայի մասեր ու տնտեսական ապրանք, որոնք, նախնական տվյալներով, գողացված են։

Խուզարկություններից հետո քրեական ոստիկանության, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Լոռիում՝ հայտնաբերելով 22 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, սառը զենքեր, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 52 անձ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել