Կառավարության փետրվերի 17-ի որոշմամբ հաստատվել են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները։
Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 27-ին։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում այն ամբողջությամբ։
1. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն որոշմամբ սահմանվում են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները:
2. Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է`
1) հարգել մարդու արժանապատվությունը.
2) գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով գիտության ձեռքբերումները և պացիենտի վիճակը.
3) ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության և մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան.
4) հարգալից վերաբերվել պացիենտի ընտանիքի անդամներին, օրինական ներկայացուցիչներին, կոնտակտային անձին.
5) իր իրավասության շրջանակում ձեռնարկել միջոցներ` ուղղված բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավմանը.
6) լինել իրազեկ գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին, բարեխղճորեն իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: Ընդ որում, բուժաշխատողի գործողությունները չեն կարող գերազանցել մասնագիտական որակավորման շրջանակները:
2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ՊԱՑԻԵՆՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
3. Բուժաշխատողը պացիենտի հետ իր հարաբերություններում պարտավոր է`
1) դիմել անհրաժեշտ միջոցների` պացիենտի առողջությունն ամրապնդելու (բարելավելու) և ցավը մեղմելու համար.
2) հարգել պացիենտի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, հիմնական իրավունքները և ազատությունները.
3) հարգել պացիենտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հարգալից վերաբերվել նրա դավանած կրոնին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներին.
4) ձեռնպահ մնալ պացիենտի վարքի վերաբերյալ դատողություններից և չպարտադրել սեփական մոտեցումներն ու արժեքները.
5) օգտագործել իր իրավասությունը և մասնագիտական կարողությունները` ի շահ և ի բարօրություն պացիենտի, բացառել գործելակերպը, որը հակասում է պացիենտի շահերին կամ ենթադրում կամ ստեղծում է սպառման արհեստական կարիք.
6) հոգատար լինել պացիենտի նկատմամբ և գործել նվիրումով` պացիենտի առողջությունն ամրապնդելու կամ վերականգնելու, վերջինիս կյանքը և դրա որակը պահպանելու համար.
7) իր իրավասության սահմաններում պաշտպանել խոցելի խմբերին պատկանող պացիենտների իրավունքները, այդ թվում`
ա. երեխաներին` պաշտպանելով նրանց ցանկացած տեսակի ոտնձգությունից,
բ. տարեցներին` նպաստելով նրանց ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական անկախությանը և ինքնասպասարկման կարողությանը` նպատակ ունենալով բարելավել նրանց կյանքի որակը,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց.
8) իր մասնագիտական գործունեության ընթացքում բացառել որևէ հիմքով խտրականություն կամ խոշտանգման, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք պացիենտի նկատմամբ:
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
4. Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է հավասարության, արդարության, համերաշխության սկզբունքներին համապատասխան, որոնց շրջանակներում պարտավոր է`
1) հարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը.
2) հարգալից վերաբերմունք և քաղաքավարություն դրսևորել այլ բուժաշխատողների նկատմամբ.
3) դրսևորել համագործակցային վարքագիծ և փոխվստահություն այլ բուժաշխատողների նկատմամբ.
4) պացիենտներ ներգրավելու նպատակով չթերագնահատել կամ որևէ այլ կերպ բացասական գնահատականներ չտալ այլ բուժաշխատողների վերաբերյալ.
5) իր պատվին և արժանապատվությանը համապատասխան դրսևորել հասարակական և մասնագիտական վարքագիծ:
4. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
5. Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում բուժաշխատողը հանրային առողջության պահպանման նպատակով պարտավոր է`
1) սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների մասին.
2) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքում իրավասու մարմնի պահանջով տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ` շարունակելով սպասարկել նաև իր պացիենտներին.
3) համագործակցել իրավասու մարմինների հետ` հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում.
4) իրավասու մարմիններին տրամադրել իրեն հասանելի տեղեկատվությունը` հանրային առողջապահության հետ կապված փաստերի և հանգամանքների վերաբերյալ.
5) ապահովել հանրային առողջության պահպանման ոլորտում իրավասու մարմինների որոշումները` պահպանելով սույն կանոնները:
5. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
6. Բուժաշխատողն իրավունք չունի առողջապահության բնագավառում, մասնավորապես, դեղերի, բժշկական արտադրատեսակների արտադրության, մեծածախ և մանրածախ ներմուծման, արտահանման գործունեություն իրականացնողից ընդունել նվեր կամ տալ այն հետագայում ընդունելու համաձայնություն, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա:
6. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
7. Սույն գլխի իմաստով շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ բուժաշխատողի` պացիենտի շահերից գործելու պարտականությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել կամ որևէ այլ կերպ ներազդեցություն ունենալ` ելնելով բուժաշխատողի, նրան փոխկապակցված անձանց և երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերություններից: Սույն կետի իմաստով փոխկապակցված անձ հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով:
8. Բուժաշխատողն իր մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը: