Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ. քվորում չի եղել, ներկա էր 89 դատավոր: Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրեն ահազանգեր չեն հասել, որ ճնշում կա դատավորների վրա։
«Գիտեք ինչ, անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի, ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞, ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել, նման ահազանգեր չենք ստացել», – ասաց Ազարյանը։
Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Օրակարգում քննարկման առարկա պետք է դարձվեր դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։