«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ այս պահին Արմենիա ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։
«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։
Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո NGT930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։