Կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:
Դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:
Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս այն կատարելու օրվանից:
Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում գլխավոր դատախազը նշանակում է կարգապահական տույժը:
Կարգապահական տույժի մասին դատախազին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:
Եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:
Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան: