Տղամարդը կեղծ դիպլոմ է ներկայացրել ՊՆ ռազմական ոստիկանություն և զինվորական կոչում ստացել

Ա. Ա.-ն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչություն է ներկայացրել «Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի» կողմից այլ անձի անունով թողարկված կեղծ դիպլոմ և 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2021 թվականի հուլիսի 5-ն օգտագործել է այն:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Կեղծ դիպլոմի հիմքով Ա. Ա.-ն 2018 թվականի մայիսի 3-ին պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի հրամանով ստացել է ենթասպայի զինվորական կոչում:

Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվարի 10-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին:

Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել