Ովքե՞ր կարող են լինել ԿԲ խորհրդի անդամ

Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա տեղակալից և հինգ անդամներից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ և հետագայում նշանակված բոլոր անդամները` հինգ տարի:

Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված պաշտոնավարման չլրացած ժամկետով:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գործունեության կոնկրետ ոլորտներում իրեն վերապահված պարտականությունների կատարման համար:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքով սահմանված իրավասությունների կատարումը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`
ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
բ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել