Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (հանքարդյունաբերության արտադրանք է համարվում մետաղի խտանյութը): Եթե իրացվում է ոչ թե խտանյութը, այլ ձուլվածքը կամ խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքը, ապա ռոյալթիի հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը:
Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և օրենքով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից:
Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր տարին:
Ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները: