1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Դատախազին գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատախազ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
3. Դատախազն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:
4. Դատախազն իրավունք չունի լինելու տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
5. Դատախազն իրավունք չունի`
1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
3) անդամակցելու արհեuտակցական միության.
4) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մաuնակցելու դրանց.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
6. Դատախազին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ: