Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ օրենքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։