Հայաստանում ինչպիսի՞ն պետք է լինի խմելու ջրի որակը

Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Այն ցուցանիշները, որոնք բնութագրում են խմելու ջրի քիմիական կազմի տարածաշրջանային առանձնահատկությունները, սահմանվում են անհատական յուրաքանչյուր ջրամատակարարման համակարգերի համար:

Եթե ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջանում են վթարային իրավիճակներ կամ տեխնիկական շեղումներ, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ շեղումների վերացման ուղղությամբ և տեղյակ պահել այդ մասին տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնին: Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը նույնպես պարտավոր է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնին անհապաղ տեղյակ պահել ջրի լաբորատոր հետազոտության հիգիենիկ նորմերին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի վերաբերյալ:

Բնակչության կողմից խմելու ջրի օգտագործումն արգելվում է, եթե գործող ջրամատակարարման համակարգը չի ապահովում բնակչությանը տրվող, օրենքով սահմանված կանոնների պահանջներին բավարարող խմելու ջրի որակը և առկա է իրական վտանգ բնակչության առողջության համար:

Տվյալ ջրամատակարարման համակարգից բնակչությանը տրվող հիգիենիկ նորմերին չհամապատասխանող խմելու ջրի օգտագործումն արգելվում է համապատասխան տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից կայացրած որոշման հիման վրա` ելնելով բնակչության առողջությանը սպառնացող վտանգի գնահատումից:

Եթե կայացվել է որոշում խմելու ջրի օգտագործումը դադարեցնելու մասին, ապա այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ջրամատակարարման համակարգերի շահագործումը, կազմում և ՊՀՀ տեսչության տարածքային կենտրոնի հետ համաձայնեցնում են միջոցառումներ, ուղղված խմելու ջրի որակի վատթարացման պատճառների հայտնաբերմանը և վերացմանը, բնակչությանը, սույն կանոնների պահանջներին համապատասխանող խմելու ջրով ապահովման համար:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնը պարտադիր տեղյակ են պահում բնակչությանը խմելու ջրի օգտագործման դադարեցման որոշման, ջրի որակի բարելավման համար իրականացվող միջոցառումների մասին, ինչպես նաև այն առաջարկությունների մասին, որոնք պետք է իրականացվեն բնակչության կողմից տվյալ իրավիճակում:

Խմելու ջուրը պետք է լինի անվտանգ համաճարակային և ճառագայթային տեսակետից անվնաս քիմիական կազմով և ունենա բարենպաստ զգայորոշական հատկություններ:

Խմելու ջրի որակի նկատմամբ պետք է իրականացվի արտադրական հսկողություն և պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն: Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել