Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:
Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:
Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգայինժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, պատգամավորական և բարեկամական խմբերը, մշտական հանձնաժողովները:
Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովում և մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:
Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:
Ազգային ժողովի կողմից այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորները և պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, օրենքով նախատեսված կարգով հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով:
Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան:Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` տվյալ տարվա պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերում այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում: