Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:
Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի տուրքի միասնական դրույքաչափ: Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ ամսվա և տարվա: Ընդ որում` ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:
Ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին: Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն: