Կառավարությունը չի կարող «գաղտնիության» կամ «կոնֆիդենցիալ» լինելու քողի ներքո խուսափել մանրամասների հրապարակումից. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը պետք է հրապարակային բացատրություն տա, թե ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում» և ինչպես է դա երաշխավորելու ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

Կառավարությունը չի կարող «գաղտնիության» կամ «կոնֆիդենցիալ» լինելու քողի ներքո խուսափել մանրամասների հրապարակումից, քանի որ այս հարցն ուղիղ կապված է մեր երկրի ողջ բնակչության [առաջնահերթ սահմանային բնակիչների] անվտանգության ու արժանապատվության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների հետ:

Այս պահին ամբողջությամբ անորոշ է, թե Կառավարությունը, այսպես կոչված, «զորքերի հայելային հետքաշման» դեպքում ինչպես է դա երաշխավորելու. հատկապես, որ սահմանային հարցերը Կառավարությունը շարունակում է առաջ տանել քաղաքական ու ռազմական տեսանկյուններից` առանց մարդու իրավունքների հիմքի:

Էլ չհաշված, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով վնասներ են հասցրել հատկապես սահմանային բնակիչների անվտանգությանն ու իրավունքներին` առնվազն իրենց նկատմամբ քաղաքական դժգոհություն չառաջացնելու կամ դա մեղմելու համար:

Այսօր ՀՀ Զինված ուժերը, Սահմանապահ ու այլ ծառայողներն անմիջականորեն իրականացնում են այդ առաքելությունը:
Ադրբեջանական իշխանությունները որևէ անգամ չեն նվազեցրել ատելության ու թշնամանքի քաղաքականությունը պետական մակարդակով [էթնիկ ու կրոնական հիմքերով]:

Շարունակվում են իրական սպառնալիքները մեր երկրի, ողջ բնակչության անվտանգությանը, ադրբեջանական հանցավոր արարքները մեր ժողովրդի նկատմամբ անընդհատ են՝ գողություններ, սոցիալական խնդիրներ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության դեպքեր և այլն:

Նշվածից բացի, ուսումնասիրությունները վկայում են, որ Կառավարության այդ գաղափարն անորոշություն է առաջացրել մարդկանց մոտ:

Ուստի, հենց պետության շահերից է բխում այդ հրապարակումը՝ Կառավարության հայտարարություններով անորոշություն թույլ չտալու և կեղծ կամ անհայտ ծագման աղբյուրներից տեղեկություններիի տարածումը կանխելու համար»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել