Դանակահարության դեպքեր՝ Հրազդանում և Ստեփանավանում․ ոստիկանություն

Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել տուժածին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։

Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 01.45-ին Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է տուժածի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել